Եթե աշխարհի ներկա վիճակին նայում ենք այն դեպի կայունություն ու խաղաղություն տանելու տեսանկյունից, ապա, նախ և առաջ, պետք է պարզենք ներկա անկայուն ու ճգնաժամային վիճակի արմատն ու բուն պատճառը։
Իսկ դա իշխանության հարցն է աշխարհի մակարդակով և մրցակցային պայքարը դրա համար։
ԽՍՀՄ-ի քանդվելուց հետո մոլորակի մասշտաբով իշխանության հարցը ժամանակավորապես լուծվեց միաբևեռության օգտին։
Բայց կապիտալիզմը, որի գոյության առանցքը կապիտալով ավելի շատ կապիտալ ստեղծելն է, միաբևեռության պայմաններում դա տեսավ աշխարհը, հնարավորին չափով, տնտեսական շրջապտույտի մեջ մտցնելով։
Դա էլ հնարավոր էր բարձր վարձատրվող աշխատանքն ու աշխատատեղերը տեղափոխելով բևեռից դուրս ու, դրա հետ միասին, դուրս հանելով նաև տեխնոլոգիաներն ու ֆինանսները։
Բացի դրանից, նոր տեղերում աշխատանքի բարձր արտադրողականություն ապահովելու համար պետք էր նաև կրթության մակարդակի բարձրացում, որն էլ մարդկանց մոտ անհրաժեշտաբար բերում է գիտակցության, ազատության ու իրավունքի աճի։
Մյուս քայլը, որն անհրաժեշտ էր դրսում էֆեկտիվ աշխատանք ու կապիտալի հնարավորինս մասշտաբային վերարտադրություն կազմակերպելու համար, դա ռեսուրսների համար պայքարն էր, որի համար պետք է մեծացնել ճնշումը դրանց աղբյուրների վրա, որոնցից հիմնականը Ռուսաստանն էր։
Այս ամենը, բոլոր տեսակի բնական օրենքներով, բերեց միակ բևեռից դուրս մնացած աշխարհի որոշ մասերում ռազմաքաղաքական ու քաղաքակրթական վերելքի ու հզորացման։
Իսկ, ինչպես հայտնի է, ցանկացած մեծացող հզորություն ձգտում է համարժեք իշխանության և հզորացող համեմատաբար թույլը իր ուժի որոշակի կրիտիկական մակարդակի հասնելուց հետո պաշտպանությունից անցնում է հակահարձակման։
Աշխարհում զուգահեռ տեղի ունեցող բազմաթիվ նման պրոցեսներից ամենակարևորն էլ դարձավ ուկրաինական միջնորդավորված պատերազմը միակ բևեռի և Ռուսաստանի միջև, քանի որ իրադարձություններից առաջ ընկնելու և արագ հզորացող Չինաստանի դեմ հզոր պատվար սարքելու ամենաէֆեկտիվ միջոցը Ռուսաստանի անբավ ռեսուրսներին տիրանալն էր՝ ՆԱՏՕ-ի դեպի արևելք գնալով և, դրանով իսկ, զրկելով Չինաստանին նույն ռեսուրսներից։
Ոկրաինական պատերազմի սկսվելու և աշխարհում ներկա ծայրահեղ ճգնաժամային վիճակի ստեղծվելու հիմքում էլ ընկած էր այն թյուր կարծիքը, որ տնտեսապես թույլ և բենզալցակայան անկազմակերպ Ռուսաստանը շատ արագ կպարտվի, որն էլ աշխարհաքաղաքական բնույթի ստրատեգիական մեծ սխալ էր։
Եվ հենց դրա համար է Թրամփը պնդում, որ եթե ինքը լիներ իշխանության, ապա նման բան չէր կարող տեղի ունենալ։
Ինչևէ, ներկայում աշխարհը գտնվում է մեծ լարվածության ու գաղտնիքներով լի անորոշությունների վիճակում և բարդ ճամփաբաժանի առաջ, որից դեպի թեկուզ ժամանակավոր խաղաղ կյանք գնալը դեռևս շատ առումներով հարցականի տակ է։
Այսինքն, ներկան լի է պոտենցիալ շատ մեծ ռիսկերով ու վտանգներով, որում վճռորոշ դեր ունի ստեղծված իրավիճակի հետ չհաշտվելու հոգեբանական իներցիան և այն հանգամանքը, որ նույն իներցիան խանգարում է հակամարտ կողմերի հզորությունների մասին իրական պատկերացումներ ունենալուն։
Իսկ ինչ վերաբերում է ուկրաինական պատերազմը ավարտելուն, ապա այստեղ հիմնականն այն է, որ Ռուսաստանը, որպես այն ավարտելու պայման, պահանջում է այդ բախման սկզբնապատճառների իսպառ վերացում, որն էլ, ըստ էության, պարտություն է Արևմուտքի համար, և դրա հակառակն էլ պարտություն է Ռուսաստանի համար, քանի որ Ուկրաինայի մնացած տարածքը լիովին բավարար է, որպես հարթակ, ռուսների դեմ նոր պատերազմ սկսելու համար։
Եվ հենց դա է պատճառը, որ իսկական հակամարտությունը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև է, որտեղ Ուկրաինայի համար նախատեսված է հնարավոր զոհի դեր, իսկ ԵՄ-ի համար էլ՝ օդից կախված վիճակ, և այդ պատճառով էլ նրանք չեն մասնակցում բանակցություններին։
Եվ նաև այդ պատճառով է, որ Ռուսաստանը, ստեղծված լարվածությունը թուլացնելու նպատակով, շրջանառության մեջ է մտցնում բիզնես հարաբերություններով ու պոտենցիալ շահերով ԱՄՆ-ին շահագրգռելը՝ ձգտելով հեռացնել հարցերի լուծումը ուժային բախումից։
Պավել Բարսեղյան